29/02/2024 13:20
Եկանք, աջակցինք, որ հանես մեզ, քցես դո՞ւրս. Նոր Նորքի բնակիչը՝ Փաշինյանին
Իշխանությունների հիշողությունը թող թարմանա, 2018 թվին Գայի արձանի մոտ ես անձամբ մոտեցել եմ, ասել եմ՝ պարո՛ն Փաշինյան, սպասի, հեսա տղաները գալիս են, միանանք իրար։ Դրա հաջորդ օրն առանձնահատուկ ասել ա՝ շնորհակալություն։ Այդ նույն տղեն եմ, Նոր Նորքում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչ Ասատուր Գրիգորյանը, ում տունը քաղաքապետարանը պատրաստվում է քանդել՝ որպես ապրօրինի շինություն։
«Եկանք, աջակցինք, որ հանես մեզ, քցես դո՞ւրս, սե՞նց ա ձևը, մեզ էլ բարձրագույն արժեք եք համարո՞ւմ»,-ասաց բնակիչը։
«3 անչափահաս երեխա ունեմ, ո՞ւր վերցնեմ էթամ։ Լավ է՝ հիմա դպրոցում են, չտեսան, թե ինչպես են մեր արած-դրածը քանդում։ Ինձ կացարան է պետք, ապրելու իրավունք եմ խնդրում»,-նշեց Ասատուր Գրիգորյանը։
Նա ասաց, որ տարածքը 2007 թվականին իրեն է փոխանցել իր կնոջ պապը.«Ես տարածքը ծաղկացրել եմ, փոքրիկ դրախտ եմ սարքել»։
Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ քաղաքապետի որոշումներով՝ անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները։
Թեմային անդրադարձել է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե աղապետի հրամանով Գայի պողոտայում այսօր քանդվելու է 8 տուն․ երկու օր ժամանակ են տվել՝ տարածքն ազատելու համար։