29/02/2024 14:47
Գորիսում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ են պարզվել
Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կտարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ, որից 2-ը մարտական փամփուշտի, 3-ը` գազային ատրճանակի:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գորիսի 40-ամյա բնակչի նկատմամբ առերևույթ սպանության փորձ է կատարել վերջինիս համաքաղաքացին, ով նույն միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել նաև 40-ամյա տղամարդու երկու եղբայրների ուղղությամբ։
Մասնավորապես պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ 5,45մմ և 9մմ տրամաչափի փամփուշտներ:
Դրանք, 2024թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, ժամը 12:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով փակել է 40-ամյա տղամարդու եղբոր վարած «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ընթացքը և իրական վտանգ ստեղծելով ինչպես «ՈւԱԶ»-ի, այնպես էլ դրա հետևից ընթացող «ՎԱԶ 21074» մակնիշի մեքենայի ուղևորների կյանքի ու առողջության համար, հատկապես «ՈւԱԶ»-ի վարորդին կյանքից զրկելու դիտավորությամբ, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել նրա վարած մեքենայի ուղղությամբ` վնասելով այն:
Շարունակելով հանցավոր արարքները՝ տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է «ՈւԱԶ»-ի վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։
«Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվելուց հետո, 38-ամյա տղամարդը հանցագործությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ, մեքենայի սրահից վերցրել է այնտեղ ապօրինի պահած «AK-74» տեսակի ինքնաձիգը։ Սակայն չի հասցրել դրանով կրակոցներ արձակել, քանի որ «ՎԱԶ 21074»-ի ուղևորները նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս, դեպքի վայրում թողնելով մեքենան, դիմել է փախուստի։
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` 3 դրվագ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Որոշում էկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Եվ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ բոլոր միջոցառումները տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով»,- ավսում է ՔԿ հաղորդագրությունում։