29/02/2024 11:57
Իշխանությունը հասկանում է՝ ժողովրդի հակազդեցությունն այն կարգի է, որ Անկախության հռչակագիրը չեղարկելու շանս չունեն. Չալաբյան (Տեսանյութ)
Ապրում ենք մի իրականությունում, որտեղ գործող վարչակարգն անընդհատ սեփական պարտություններն արդարացնելու համար փորձում է գտնել տարատեսակ մեղավորներ, և հիմա հերթական մեղավորն Անկախության հռչակագիրն է. «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպված «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ըստ նրա՝ նման նախաձեռնությունն աբսուրդ է, քանի որ Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է, և ընդունվել է ՀՀ ամենաբազմակուսակցական, ամենաներկայացուցչական ԳԽ-ի կողմից, որում ներկայացված է եղել 12 քաղաքական ուժ՝ հաստատագրելով համազգային հիմնական նպատակները։
«Ըստ էության, եթե Անկախության հռչակագիրը գոյություն չունենա՝ նշանակում է, որ գոյություն չի ունենա ՀՀ-ն»,-ասաց Չալաբյանը և նշեց, որ իրենց նպատակն է պատշտպանել հռչակագիրը, ինքիշխանությունը՝ հստակ այլընտրանք առաջարկելով այն «աղետաբեր քաղաքական կուրսին, որը իրականցնում է գործող իշխանությունը»։
Դիտարկմանը, թե կարծես գործող իշխանությունը սկսել է հրաժարվել այդ գաղափարից՝ Չալաբյանը պատասխանեց. «Նախ սկսել են հրաժարվել, որովհետև հասկանում են, որ ժողովրդի մեջ հակազդեցությունն այն կարգի է, որ պարզապես որևէ շանս չունեն իրականացնելու Անկախության հռչակագրի չեղարկումը։ Սակայն, դա չի նշանակում, որ հրաժարվել են, եթե չպայքարենք, իրենք որևէ զարտուղի ճանապարհ կգտնեն իրականացնելու դա»,-ասաց նա՝ պնդելով, որ դա Ալիևի պահանջն է։