29/02/2024 15:34
«Ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու». Ալեն Սիմոնյանը չբացառեց՝ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խոսեց ժողովրդական լեզվով ու ասաց՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։
«Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։
«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծեց նա։
ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի։
«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։