01/03/2024 14:56
ՀՀ-ն իր նախագիծն անվանել է «Խաղաղության խաչմերուկ», իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք», սրանով իսկ երևում է երկրների մոտիվացիան. Ռուբինյան
Կիրառվող բառերը հաճախ ցույց են տալիս երկրների մոտիվացիան, օրինակ՝ ՀՀ-ն իր նախագիծն անվանել է «Խաղաղության խաչմերուկ», իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք». Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Ինչու է ՀՀ-ն անվանել «Խաղաղության խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ տարածաշրջանը դառնա խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք»։ ՀՀ-ի սուվերեն տարածքում չկա նման տարածքային միավոր, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին տալ իր տարածքից միջանցք՝ արտատարածքային տրամաբանությամբ»,-ասաց Ռուբինյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի դիրքորոշումն է՝ ապաշրջափակել կոմունիկացիան տարածաշրջանում՝ հիմնված տարածքային ամբողջականության և երկրների ինքնիշխանության վրա, ինչին և՛ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը համաձայնվել են։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքեց, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է, և որևէ նկրտում չունեն ՀՀ-ի տարածքների նկատմամբ։