01/03/2024 13:20
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքել, եթե Բաքուն պատրաստակամություն ցուցաբերի. Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին, եթե Բաքուն պատրաստակամություն ցուցաբերի՝ մնացած տեխնիկական խնդիրները լուծելու համար։
«Մեր կողմից մենք անում ենք հնարավորը՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում։ Հուսով ենք, որ սա կփոխվի: Մնում է ավարտել տեխնիկական աշխատանքները։ Հույս ունենք, որ կկարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ ասել է նա։
Ռուբինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն կարողացել են համաձայնության գալ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ՝ դա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, այս հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատում և սահմանագծումն է, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնվելով ինքնիշխանության սկզբունքի վրա։
«Եթե մենք կարողանանք համաձայնագրի մեջ ներառել երկու երկրների ղեկավարների կողմից արդեն համաձայնեցված սկզբունքները, ապա խաղաղությունը կարող է շատ արագ հասնել»,- նշել է Ռուբինյանը։
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։