02/03/2024 16:50
«Շատ ենք ուզում, որ մեր հայ գործընկերները որոշեն՝ ինչպես են շարունակելու ապրել»․ Ռուսաստանում սպասում են ՀԱՊԿ-ում մասնակցության վերաբերյալ Հայաստանի վերջնական՝ պաշտոնական որոշմանը
Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջապես հայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սպասում ենք՝ երբ մեզ պաշտոնապես կհայտնեն՝ որն է վերջնական որոշումը։ Ասում են՝ «մենք դե ֆակտո սառեցրել ենք մասնակցությունը, եթե ուզենանք՝ դե յուրե էլ կսառեցնենք», «ԵԱՏՄ-ն մեզ համար հետաքրքիր է, քանի որ այնտեղից ինչ-որ մի բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ փաստացի մեջբերելով Փաշինյանի հայտարարությունները։
ՌԴ ԱԳ նախարարը այդ հայտարարությունները «ոչ այնքան գեղեցիկ» է որակել։
«Մենք շատ կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք իրենց համար որոշեն՝ ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ իրար են կապում ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում»,- ասել է Լավրովը։