02/03/2024 17:36
Իրաքը վերահաստատել է՝ ցանկանում է, որ ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս գան իր տարածքից
Շարունակում ենք բանակցել ԱՄՆ-ի հետ՝ իր, ինչպես նաև միջազգային կոալիցիայի երկրների զորքերի դուրսբերման հարցի շուրջ, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը։
«Իրաքում ԱՄՆ-ի կամ կոալիցիոն զորքերի ներկայության կամ բացակայության վերաբերյալ բանակցությունները ամերիկյան կողմի հետ շարունակվում են»,-ասել է Հուսեյնը՝ հավելելով, որ բանակցությունների հարց է նաև զորքերի դուրսբերման գրաֆիկի սահմանումը։
Նշենք, որ Իրաքի վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանին հունվարի 10-ին հայտարարել էր, որ Իրաքը ցանկանում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիայի ուժերին, որոնք այնտեղ տեղակայվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Ալ-Սուդանին նշել էր, որ Իրաքն ունակ է ինքն իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Փետրվարին արդեն երկրի խորհրդարանը կառավարությանը կոչ էր արել արագացնել Իրաքի տարածքից ամերիկյան ու միջազգային ուժերի դուրսբերման շուրջ համաձայնագրի կնքումը։