02/03/2024 15:52
Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ Արշակյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին․ հայտնում են ԱԺ-ից։
ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձեւ զարգացման հնարավորություններին.
«Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, եւ տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»:
Հակոբ Արշակյանի խոսքով անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն եւ արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը եւ դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»:
ԱԺ փոխխոսնակը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից:
«Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ, եւ դրա պատճառներից մեկը նաեւ այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված եւ մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի եւ համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների եւ նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:
Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց եւ քաղաքական գործիչների ներգրավումը:
Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման եւ բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որեւէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը եւ արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով եւ ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին եւ այլոք:
Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով: