02/03/2024 13:22
Այս բարդ ժամանակաշրջանում ՀՀ արտաքին ճակատն ամուր պահելը շատ կարևոր է․ Մարուքյանը շնորհավորել է Դիվանագետի օրը
ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Դիվանագետի օրը։
«1992 թվականի այս օրը նշանավորվեց մեր ինքնիշխանության վերածնունդով:
Հայկական եռագույնը հպարտորեն բարձրացվեց ՄԱԿ-ի այլ ինքնիշխանությունների դրոշների շարքում, և մենք դարձանք համաշխարհային հանրության ճանաչված մաս: Այս օրը մենք ստացանք մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը ՝ դիվանագիտությունը:
Դիվանագիտությունը մեզ թույլ է տալիս ապահովել ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի աճը, և, հետևաբար, երկրի հզորացումը, այլ նաև պետական սահմանների պաշտպանությունը, ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական փոփոխությունները: Դիվանագիտությունը մեր աշխարհն առավել կայուն և կանխատեսելի դարձնելու միջոց է:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի խոսքերով՝ «Դիվանագետն այն անձն է, ով պետք է քաղաքական գործիչների թմբուկի հուժկու զարկը վերածի տավիղի հնչյունների»:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների դիվանագետներին` Հայ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է»,- գրել է Մարուքյանը։