02/03/2024 17:09
Ադրբեջանցիները խոշտանգել են գերի ընկած հադրութեցի ծերունուն, որդուն՝ տանջամահ արել
2020 թվականին Հադրութից բռնի տեղահանված Ղարախանյանների ընտանիքում ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերքերը չեն բուժվի։ Մարինե Ղարախանյանը MediaHub-ին պատմում է, որ 70-ամյա հայրը՝ Ալեքսանդր Ղարախանյանն ու եղբայրը՝ 44-ամյա Արսենը, դարձել են ադրբեջանցիների վայրագության զոհը։
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հադրութը սկսվեց տարհանվել, եղբայրս՝ Արսենը, հոկտեմբերի 7-ին մեզ բերեց Տող գյուղ, մենք այնտեղից եկանք Ստեփանակերտ։ Ինքը հետ էր գնացել, որ պապիկին ու նաև մեր անձնական իրերը բերի։ Գնացել ու այդպես էլ չի եկել։ Մինչև հոկտեմբերի 10-ը՝ Հադրութի անկումը, ինքը զանգել է մեզ, ասել, որ լավ են։ Քանի դեռ հրետակոծվում էին ճանապարհները, մնացել են` մի քիչ հանդարտվի, հետո դուրս գան։ Բայց հոկտեմբերի 10-ին Հադրութը գրավվել է, այնտեղ գտնվող զորքը հետ է քաշվել, մի քանի հոգի գերեվարվել են, նրանց հետ` նաև հայրս ու եղբայրս»,- ասում է նա։
Մարինեն օրեր շարունակ փնտրել է հորն ու եղբորը, բայց փնտրտուքներն արդյունք չեն տվել մինչև այն պահը, երբ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հանդիպել է մի տեսանյութ, որտեղ թշնամիները զենքի սպառնալիքի տակ ստիպում են տարեց տղամարդուն համբուրել Ադրբեջանի դրոշը։ Մարինեն անմիջապես այդ տեսանյութը ներկայացրել է Կարմիր խաչին, վերջիններս սկսել են զբաղվել նրան հայկական կողմին փոխանցելու գործընթացով։
«Դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման առաջին փուլով 44 գերիների հետ վերադարձավ հայրս, իսկ Արսենից` ոչ մի լուր։ Նրանք այնտեղ պահվել են առանձին-առանձին։ Հորս առողջական վիճակն ու հոգեբանական ապրումներն աննկարագրելի վատ էին։ Ամբողջ մարմինը կապտած, խոշտանգման հետքերը թարմ, բազմաթիվ վնասվածքներ, մի խոսքով՝ անաստվածորեն ծեծի են ենթարկել»,- պատմում է Մարինեն։
Արդեն 2021 թվականի հունվարի 6-ին ադրբեջանցիները սկսեցին տարածել Արսենի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ 44-ամյա տղամարդուն ստիպում են տեսախցիկների առաջ ասել «Ղարաբաղն Ադրբեջան է, Շուշին՝ Շուշա, Ստեփանակերտը՝ Խանքենդի»։ Հետո, դարձյալ զենքի սպառնալիքի տակ, տղամարդուն ստիպում, որ երգի։ Այդ ժամանակ Արցախի կորուսյալ տարածքներում փրկարարները շարունակում էին որոնողական աշխատանքները։ Մարինեն, այս ամենը տեսնելով, դարձյալ դիմել է բոլոր կառույցներին, որ եղբորը վերադարձնեն։
«Մենք այլ ակնկալիք ունեինք։ Մտածում էի` ինչ վիճակում էլ լինի, կարևորը գա, վերադարձնեն։ Բայց հունվարի 18-ին փրկարարներն Այգեստան գյուղում գտել են Արսենի դիակը՝ հուղարկավորված վիճակում։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի դիահերձարան։ Մարմինն ամբողջական էր, բռնության հետքերը՝ աննկարագրելի, տանջամահ են արել։ Վնասվածքներ՝ գլխի, մեջքի ու ոտքերի շրջանում։ Ինչպես ասեմ, «սաղ» տեղ չի եղել»,- հիշում է նա։
Հունվարի 20-ին՝ իր ծննդյան օրը, Արսենին հուղարկավորել են Ստեփանակերտում։ Գերությունից վերադառնալուց հետո՝ մեկ տարի անց, մահացել է նաև Ալեքսանդր պապը։ Ավելի քան 2 ամիս գերության մեջ մնալով՝ նա առողջական լուրջ խնդիրներ էր ձեռք բերել։ Ղարախանյանների ընտանիքն այժմ հնարավորություն չունի այցելել հարազատների գերեզմաններին, 5 ամսից ավելի՝ Արցախն օկուպացված է։