04/03/2024 13:33
Ինչ բաժնեմասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ և՛ «Լիդիան»-ի, և՛ ԶՊԿ-ի գործողություններում վարքագծի կտրուկ փոփոխություն կա ընդդեմ բնապահպանների. Ենոքյան
Ինչ բաժնեմասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ և՛ «Լիդիան» ընկերության, և՛ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործողություններում վարքագծի կտրուկ փոփոխություն կա. հայտարարեց «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը։
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության խմբի ակտիվներին է պատկանում, և որի բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանից հերքում և բռնագանձում 6 000 000 ՀՀ (6 մլն) դրամ (մոտ 14 000 եվրո)։
Ավելի վաղ նման դատական հայց «Լիդիան» ընկերության կողմից ներկայացվել է նաև բնապահպան Թեհիմե Ենոքյանի դեմ, և դատարանը նրան պարտավորեցրել է հանքարդյունաբերական ընկերությանը վճարել 1մլն 200 000 դրամ։
«Իրենց համար էական էլ չէ՝ ինչ ենք ասում, կա զրպարտությո՞ւն, թե՞ ոչ։ Եթե իրենց նպատակն է դատական հայց ներկայացնել ընդդեմ մեզ, վախեցնել՝ մեծ գումար պահանջելով, դա պետք է նշել, որ պարտված ստրատեգիա է։ Իմ պարագայում արդեն իսկ դրա պտուղները կան»,-ասաց նա։
Ենոքյանը նշեց՝ ցավալի է, որ ՀՀ-ում կարող էր լինել այդպիսի դատական ակտ, որից հետո ինքը ստիպված է եղել իր իրավունքները պաշտպանելու համար դիմել ՄԻԵԴ՝ ընդդեմ ՀՀ-ի, որն արդեն իսկ վարույթ է ընդունվել։
«Պետական մարմինները մեր ուղիղ հարցերին ի պատասխան՝ կրավորական դիրք են ընդունում։ Բայց ՀՀ կառավարությունը չի կարող լինել բաժնետեր, օգուտները ստանալ, բայց վնասակար բաները, որ ընկերություններն իրականացնում են, չկրի պատասխանատվություն։ Ե՛վ բանկերը, և՛ ՀՀ կառավարությունը կրում են պատասխանատվություն այս պահանջների համար»,-ասաց նա։