04/03/2024 11:37
Կա՛մ հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կա՛մ էլ պայքարեք ձեր երկրի համար, մեզ փալասի տեղ չպետք է դնենք. Հրանտ Բագրատյան
«Գործը սարքած է, եթե նայում եք երկու վկաների ցուցմունքները՝ նույն բառերով գրված ցուցմունք է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, ով մեղադրվում է բռնության կոչեր հնչեցնելու մեջ։
«Գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող, իրենք էլ ցուցմունք են տալիս։ Եթե սա իրավական պետություն լինի, այս գործը մեղադրական ակտ ներկայացնողին պետք է դատեն»,-ասաց նա։
«Սա պարզապես վակխանալիա է, էս ուր է տարել այս պետությունը, ուր է հասցրել պետությունը Փաշինյանը... Եթե մեզ հետ են այսպես վարվում, ժողովրդին տանելու են՝ վարի տան, համակարգի սարսափելի դեգրատացիա է, մի քննիչ գրում է տալիս ձեռքները, ասում՝ դե, գնացեք»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինի իշխանափոխություն։
«Կամ էլ այսօրվանից մտածեք, որովհետև սարսափելի օրը գալու է, հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կամ էլ պայքարեք ձեր երկրի համար։ Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին, ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա, ձեր վրա, որովհետև մենք չենք պայքարում, մենք թույլ ենք տալիս այսպիսի բաները, մենք մեզ փալասի տեղ չպետք է դնենք», - ասաց նա։