04/03/2024 20:31
Իշխանությունները վրե՞ժ են լուծում Հրանտ Թոխատյանից․ իսկ ի՞նչ կանեին, եթե նրա փոխարեն իշխանական Գնել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը կամ Հովհաննես Ազոյանը լինեին («Հրապարակ»)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։
Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։ Նա նախագիծ էր կազմել, հովանավոր` ներդրող էր գտել եւ անգամ որոշ գումար էր ծախսել այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Հիշեցնենք նաեւ, որ սիրված դերասանը վերջին ամիսներին գտնվում է ԱՄՆ-ում` բուժման նպատակով:
Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, չեն սպասել, որ պայմանագրի գործողության 10 տարի ժամկետը լրանա և ժամանակից շուտ շենքը հետ են վերցրել վարձակալից:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ այո` շենքը 2017 թվականին 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին. «Այդ հիմնադրամը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, որից ելնելով համայնքը հանդես է եկել նախաձեռնությամբ և այդ պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով դիմել է դատարան։ Դատարանն այդ հայցն օրինական է ճանաչել և «Կանազ» մշակութային կենտրոնը վերադարձրել է Երևան համայնքին։ Հիմքում պայմանագրային պարտավորությունները չկատարելն է»:
Ի՞նչ ասել է պարտավորությունները չկատարել` եթե պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել` գուցե առաջիկա 3 տարում էին կատարվելու ներդրումները, Կոստանյանը նշեց. «Անցնող տարիների ընթացքում ոչինչ չեն արել…. ներդրումային պարտավորություններ ունեին, որը փաստացի չեն իրականացրել»:
Ինչեւէ` «Կանազը» արդեն համայնքի սեփականությունն է և համայնքն է այն տնօրինելու: Մնում է պարզել, թե ինչու իշխանությունը եւ նույն քաղաքապետարանը նույնքան խստապահանջ չեն մյուս պայմանագրերի կատարման հարցում` Երեւանով մեկ հազարավոր շենք-շինություններ կան, որոնց տերերը չեն իրականացնում պայմանագրային պահանջները: Եւ հենց քաղաքապետարանից մի քանի մետրի վրա կան կիսատ շինություններ, չսկսված շինարարություններ, բազմաթիվ խոստումներ, որոնք չեն կատարվել, ինչպես օրինակ` «Սեւան» հյուրանոցի հատվածում, Մանկական զբոսայգում, Մաշտոցի պուրակին հարակից շենքերը, եւ այլն, եւ այլն:
Հ․Գ․- Պարզ է, որ «Կանազը» իշխանությունները հիշել են բացառապես մեկ պատճառով` նրա վարձակալը` Հրանտ Թոխատյանը հստակ ընդդիմադիր հայացքներ ունի, որոշել են այդ հայացքների համար պատժել` պայմանագիրը դեռ չլրացած շենքը ձեռքից վերցնել: Եթե նրա փոխարեն լիներ իշխանական Գնել Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը կամ Հովհաննես Ազոյանը, բնականաբար, այս «սրտացավությունը» չէր լինի: