04/03/2024 16:17
Հունաստանն առաջին երկիրն է եղել, որ միջազգային անդամակցությունների հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանդական հարաբերությունների, փոխադարձ օգնության և պատրաստակամության արժեքների ու ընդհանուր մոտեցումների վրա։
«Այս համատեքստում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանական բնագավառում համագործակցության հենց սկզբից։ Իսկ մյուս մասը պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներ են»,-նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդատվությունները.
«Պարոն Դենդիասին ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և կարևորել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական և բարեկամական աջակցության կարիքն այս հարցում։ Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված ՀՀ-ի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը։ Անդրադարձել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին։ Այս համատեքստում արժե նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում»։
Պապիկյանն ավելացրեց, որ հույն գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել են նույն արժեքները կրող այլ երկրների հետ համագործակցության հեռանկարներին։
«Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հունաստանն առաջին երկիրն է եղել, որ պաշտպանական ոլորտում եվրոպական պետությունների ու կառույցների հետ հարաբերություններում միջազգային անդամակցությունների հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,-շեշտեց Պաշտպանության նախարարը։