04/03/2024 11:22
Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ կհամարի միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, լուրջ խոչընդոտներ չի ունենա. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի դիտրակմամբ՝ հետխորհրդային տարածաշրջանում պետությունների միջև հարաբերությունները հաճախ կարող են բարդանալ (գործնականում՝ բարդանում են) պատմական և աշխարհաքաղաքական իրողությունների ոչ ճիշտ ընկալման պատճառով։
Ըստ նրա՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պարագայում ակնհայտորեն առկա է վերջինիս որոշակի թերագնահատում Ռուսաստանի կողմից։
«Սրա մասին, օրինակ, կարելի է անուղղակիորեն դատողություններ անել՝ ելնելով երկու երկների միջև դիվանագիտական փոխգործակցության վերլուծությունից, մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանի և դեսպանատան գործունեության (ավելի ճիշտ՝ անգործության) տեսանկյունից։
Ռուսաստանի դեսպանին փոխարինելու նախաձեռնությունների բացակայությունը (որի գործունեության արդյունքում իր երկրի ղեկավարներն ու որոշում կայացնողները ակնհայտ ապատեղեկատվություն են ստանում), ընդգծում է Ռուսաստանի կողմից Հայաստանի ընկալումը որպես գործընկեր, որը հատուկ դիվանագիտական ուշադրություն կամ մոտեցումների պարբերական ճշգրտումներ չի պահանջում:
Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է տարածաշրջանում իր հանդեպ առկա աշխարհաքաղաքական վստահության և իր գերակայության ակնհայտ գերագնահատման պրիզմայով։
Ենթադրվում է, որ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ կհամարի մեծացնել իր ազդեցությունը կամ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, լուրջ խոչընդոտներ չի ունենա իր ծրագրերի իրականացման համար։ Այս ենթադրությունն ազդարարում է Հայաստանի ընկալումը որպես մի պետության, որտեղ ռուսական ազդեցությունն այնքան էական է, որ Մոսկվան կարող է իրեն թույլ տալ որոշակիորեն թերագնահատել երկկողմ հարաբերությունների պաշտոնական ասպեկտները, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։
Միջպետական հարաբերությունների այս մոտեցումը ցույց է տալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկայի անորոշության հետ կապված հետագա վերլուծությունների անհրաժեշտությունը, ներառյալ՝ փոխադարձ ակնկալիքների ճշգրտումը, նոր իրողությունների և սպասումների գնահատումը, առանց որոնց այլևս հավասարակշռված փոխգործակցություն ակնկալելը իրատեսական չէ»,- Facebook-ում գրել է Անանյանը։