04/03/2024 14:04
ՄԱԿ-ը բնապահպաններին լռեցնելու դեմ դատական հայցերի հիման վրա հարցեր է ուղղել ՀՀ-ին, «Լիդիան Արմենիային», ԶՊԿ-ին, բանկերին. միայն ՀՀ-ն է «աբսուրդ» պատասխան ուղարկել
Հանքարդյունահանող ընկերությունների կողմից բնապահպանների դեմ դատական գործեր հարուցելու պրակտիկայի դեմ առաջին ճանապարհը ՄԻԵԴ-ն է, որտեղ կարող ենք դիմել ՀՀ դատական համակարգի՝ արդար վճիռներ չկայացնելու դեպքում, երկրորդ ճանապարհը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի գրասենյակն է. Մեդիա կենտրոնում «Շահու՞յթ, թե՞ առողջ միջավայր. ի՞նչ է ընտրում պետությունը։ Ինչու՞ են հետապնդվում բնապահպաններին» թեմայով հրավիրված ասուլիսին հայտարարեց «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն մեկ տարի է, ինչ այդ ճանապարհով անցել է և հերթը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանինն է։
Ենոքյանը նշեց, որ ՄԻԵԴ արդեն դիմել են, իսկ ՄԱԿ-ը իրենց դիմումի հիման վրա զեկույց է հրապարակել և 8 կարևոր հարցեր ուղարկել ՀՀ-ին, «Լիդիան Արմենիային», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, ֆինանասական ֆոնդերին, բանկերին՝ բացատրություն պահաջելով արված քայլերի համար, ինչպես նաև երաշխիքներ պահանջելով նման քայլերի չկրկնվելու համար։
«ՀՀ-ն պատասխանել է ՄԱԿ-ի նամակին՝ աբսուրդային բացատրություններ տվել, թե, իբր, Շրջակա միջավայրի նախարարությունում կա կից խորհուրդ, որտեղ ես անդամ եմ և այնտեղ կարող եմ խնդիրները բարձրաձայնել։ Միչդեռ նման խորհուրդ գոյություն չունի, և ես վաղուց այնտեղ չեմ»,-ասաց Թեհիմնե Ենոքյանը։
Բանկերն ու հանքարդյունահանող ընկերությունները որևէ ձևով չեն անդրադարձել ՄԱԿ-ի գնահատականներին։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը նշեց, որ ինքը այս հարցերը բարձրացրել է Շրջակա միջավայրի նախարարին կից այդ խորհրդում և որևէ լուրջ պատասխան չի ստացել։
«Պետք է նշենք, որ այդ խորհուրդը վաղուց չկա, այսինքն՝ չի գործում տեխնիկապես։ Երկխոսությունը կառավարության հետ չի ստացվում, ուղղակի չկան մեխանիզմները և գործիքները։
Օրերս ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը պետություններին հորդորեց չհետապնդել բնապահպաններին՝ իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրություն դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք։
Եթե այդպես շարունակվեց, մենք ստիպված ենք լինելու դիմել միջազգային կազմակերպություններին՝ կանխելու այս ամենը՝ լռեցնելու փորձերը ոչ միայն բնապահպան ակտիվիստներին, այլև վնասներ կրող ազդակիր համայնքի ներկայացուցիչներին»,-ասաց Դուրգարյանը։