04/03/2024 12:42
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու. Տիրան Խաչատրյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը գոհ է դատարանի այսօրվա որոշումից, որ ազատ արաձակվեց, սակայն նշեց՝ դատարանի որոշումը վերջնական չի։
«Վերջնական որոշում չի, բայց միջանկյալ հատվածի համար գոհ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ես որևէ մեկին վնասելու, վիրավորելու փորձ չեմ արել, ձգտում չեմ ունեցել։ Ես հնարավորություն ունեցել եմ շատ ավելի վատ բաներ անելու»,- ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։
Ըստ Խաչատրյանի՝ իրեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։
«Ես հակված եմ այդպես ընդունել, այդ մոտեցումը դրսևորվել է իմ նկատմամբ»,- ասաց նա։
Նշենք, որ դատարանն այսօր որոշում կայացրեց կալանքից ազատ արձակել Տիրան Խաչատրյանին։
Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 5 միլիոն դրամ գրավը, նաև՝ բացակայելու մասին արգելքը։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։
Հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից էլ միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, այդ թվում՝ Տիրան Խաչատրյանի։
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։