04/03/2024 11:49
Ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է ավելի խորությամբ ստուգվի, որովհետև նրանք իշխանության ներկայացուցիչներ են. Փաստաբան
Բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վկան չէր հիշում գլխավոր փաստը՝ բռնության կոչը։
«Բայց մեկ ուրիշ բան Բագրատյանին վերագրեց, որ Կառավարության շենքից մարդկանց պետք է դուրս շպրտել։ Ամբողջ մեղադրական կոնտենտն այնպիսին է, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չկա։ Իհարկե, ասեց, որ հստակ չի հիշում, թե ով է ասել, ոնց որ թե Բագրատյանն է ասել, բայց նախաքննական ցուցմուքնում նման բան չկա»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ եթե կա հիշողության կորուստ, մեղադրող կողմի ներկայացուցիչներն անմիջապես ներկայացնում են նախաքննական ցուցմունքները։
Ըստ փաստաբանի՝ հակասությունն ավելի է խորացել, երբ վկան նշել է, որ չի կարող ասել՝ այդ օրը բռնություն կլինե՞ր, թե՞ ոչ և հնարավոր է՝ «վերացնել» բառը նշանակում է իշխանափոխություն։ «Այդ դեպքում ինչո՞ւ էր պնդում, որ «վերացնել» բառի տակ կա ֆիզիկական բռնություն»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով այն դատավարության միտմանը, որ ոստիկանների ցուցմունքների հիման վրա են քննվում շատ գործեր՝ Քոչարյանը նշեց. «Որ ոստիկան է, չի նշանակում որպես վկա չի կարող հարցաքննվել, բայց ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է ավելի խորությամբ ստուգվի, որովհետև պետական իշխանության ներկայացուցիչներ են, և այլ ապացույցնների համակցության մեջ պետք է նրանց կողմից փաստերը քննվեն»։