05/03/2024 16:48
ՌԴ-ից եկած շատ մասնագետներ հեռացել են ՀՀ-ից՝ մեր հարկային քաղաքականության, ոչ մրցունակ ենթակառուցվածքների պատճառով․ Խաչատուր Սուքիասյան
Այսօր մենք պետք է աշխատենք միայն ու միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ. այս մասին ԱԺ-ում ՏՏ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Ըստ նրա՝ ինքնազբաղի հարկի կարգավիճակը, երբ փոխեցին, բավականին մարդ գնաց Հայաստանից։
«Մարդիկ ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, միջազգային այն կազմակերպությունները, որոնք, ասել էին՝ գնացեք Հայաստան, այդ ընթացքում ուսումնասիրում էին, և նրանց ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի լավագույն կադրերի վիզաների և բնակարանների խնդիրը լուծեին եվրոպական երկրներում՝ նրանց տեղափոխության համար։ Մի մասն այդ պատճառով է հեռացել ՀՀ-ից։ Բայց մյուս՝ մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, հեռացել է մեր ենթակառուցվածքների ավելի ցածր լինելուց, ոչ մրցունակ լինելուց»,- ասաց Սուքիասյանը։
Նրա կարծիքով, ՀՀ ժամանած ՏՏ մասնագետների մի մասն էլ հեռացել է եղանակային պայմանների պատճառով։ Նրանք մեկնել են Թայլանդ, քանի որ այնտեղ նաև պայմաններն են լավը՝ մինչև անգամ սուրճն է անվճար։
«Հիմա մենք ի՞նչ ենք ասում՝ անցյալ տարի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող IT կազմակերպություններին, ինչ-որ գումարներ էին հատկացնում, դա մի արեք, թիրախային արեք, մեզ մասնագետն է պետք, որ Հայաստանում լինի այդ մասնագետը, գեներացնողը մասնագետն է, հարկ վճարողը մասնագետն է»,- նշեց Սուքիասյանը: