05/03/2024 13:57
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է ներկայացվել Երևանի երկու բնակչի․ Լուսանկարներ
2024թ․ փետրվարի 29-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։
Ձեռնարկված օպերատիվ միջոցռումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 29 և 37 տարեկան բնակիչներ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նշված տղամարդիկ առերևույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։
Նախաքննության շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքնում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից, 2024թ․ փետրվարի 24-ից 25-ին, քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդահնուր 19,42 գրամ քաշով 34 առանձին սև և սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղափոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել և վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։