05/03/2024 16:33
Քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ: Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները:
Ոլորտի պատասխանատուները Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին:
Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝ թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար:
Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ: