05/03/2024 19:02
Կոտրել են Երևանում հայտնի սուպերմարկետի մուտքի դուռը, դուրս բերել տերմինալը, գողացել միջի գումարը՝ 3 միլիոն դրամ
Այսօր՝ մարտի 5-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս են բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված սուպերմարկետի տնօրենը իրավապահներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։