05/03/2024 09:54
«Փաստ». Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման կրքեր է բորբոքում, Ավինյանն էլ զայրացած է՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար»
«Փաստ» թերթը գրում է. «Կոնդի՝ «ամբողջ ծավալով օտարման» թեման շարունակում է կրքեր բորբոքել: Բանն այն է, որ այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ, ուստի, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել օտարման ժամանակ փոխհատուցման հստակ չափի մասին:
Ըստ այդմ, քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, իրականացվում են թաղամասի սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ: Այս պահին, մեր տեղեկություններով, քաղաքապետարանում կա մոտ 300 դիմում, սակայն կոնդեցիներից ոմանք կա՛մ դեռ չեն շտապում դիմել, կա՛մ կտրուկ դեմ են արտահայտվում Կոնդի «քանդմանը»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ զայրացած նշել է, թե՝ «մենք իրենց համար, իրենք՝ ո՞ւմ համար», նկատի ունենալով, որ սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նրա համար, որ կոնդեցիները նորմալ փոխհատուցում ստանան: Ավինյանը, մեր տեղեկություններով, նաև շեշտել է, որ եթե կոնդեցիները շարունակեն խոչընդոտել, ապա իրենք պարզապես կդադարեցնեն սահմանների ճշգրտման և հողահատկացման հիմքերի վերականգնման աշխատանքները, սակայն, միևնույնն է, նոր քաղաքաշինական ծրագիրն իրականացվելու է ամբողջ ծավալով: Միայն թե այս դեպքում համապատասխան դիմում չներկայացրած, տեղական տուրքը չվճարած ու համապատասխան ճշգրտումներ չկատարած քաղաքացիները անհամեմատ փոքր ծավալի փոխհատուցում կստանան»։