06/03/2024 21:22
Հիշողության խանգարումներ․ Ինչու՞ են առաջանում
Հիշողության մեջ տարբերում են երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խանգարումները:
Հիշողության առաջին փուլը ինֆորմացիայի յուրացումն է, դրա խանգարումը կոչվում է ֆիքսացիոն ամնեզիա: Մարդը չի կարողանում հիշել այն, ինչը կատարվում է այդ պահին․խնդիրը կապված է կարճատև հիշողության խանգարման հետ:
Հիշողության երկրորդ փուլը ինֆորմացիայի պահպանման փուլն է, դրա խանգարումները ամնեզիաներն են: Հիմնական պատճառները սուր ինտոքսիկացիաներն են, գլխի վնասվածքները, գիտակցության խանգարումների սինդրոմները: Ռետրոգրադ ամնեզիայի դեպքում կորում են դեպքին նախորդող հիշողությունները, իսկ անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են դեպքից հետո կատարված իրադարձությունները:
Հազվադեպ են ամբողջական ամնեզիաների դեպքերը: Երկրորդ փուլին պատկանող խանգարումներից է հիպոմնեզիան, որի ընթացքում նկատվում է հիշողության մակարդակի ընդհանուր նվազում: Հիպերմնեզիայի ժամանակ առաջանում է հիշողության սրացում. մարդը սկսում է չնչին մանրամասներ հիշել, ուժեղանում է մեխանիկական հիշողությունը: Այս խանգարումը բնորոշ է մանիակալ վիճակներին:
Հիշողության երրորդ փուլը ինֆորմացիայի արտաբերման փուլն է: Այս փուլի խանգարումները կոչվում են պարամնեզիաներ՝ հիշողության շեղումներ: Հիշողության կորած հատվածները լրացվում են որևէ այլ ինֆորմացիայով: Երեք հիմնական տեսակներն են պսևդոռեմինիսցենցիաները, կրիպտոմնեզիաներն ու կոնֆաբուլացիաները: Ֆանտազմների դեպքում հիվանդը ստում է, որ լրացնի հիշողության բացը և որոշ ժամանակ անց սկսում է հավատալ սեփական ստին:
Այս հատվածում առանձնահատուկ է դեժավյուի ֆենոմենը, երբ մարդուն թվում է, որ տվյալ իրավիճակն իր կյանքում արդեն եղել է:
Դեժավյուի հակառակ ֆենոմենը կոչվում է ժամեվյու: Դրա ընթացքում մարդուն թվում է, որ ինքն առաջին անգամ է գտնվում որևէ իրավիճակում կամ առաջին անգամ է մեկ այլ մարդու տեսնում: Ժամեվյուն կարող է վկայել գլխուղեղում ընթացող որոշակի պաթոլոգիկ գործընթացների մասին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ