06/03/2024 15:29
«Պացիենտները տեղ ունեն, որտեղ կարող են իրենց բողոքը ներկայացնել». Հայաստանում գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողով
Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները, կարող եք դիմել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով:
Անկախ փորձագետներից կազմված այս հանձնաժողովում քննվելու են ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը անկախ մարմին է և բաղկացած է հասարակական հիմունքներով աշխատող 7 անդամից։ Էթիկայի հանձնաժողովի անդամների թվում են բուժաշխատողներ, իրավաբաններ, գիտական աշխատողներ և հոգեբաններ։ Էթիկայի հանձնաժողովի քննության ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ և հանրային առողջապահության ոլորտում։
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը Հայաստանում ձևավորվել է 2023 թվականի հուլիսին՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ քննելու առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքերը:
Հանրային առողջության մասնագետ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանի գնահատմամբ՝ հանձնաժողովի ստեղծման նպատակն է լրացնել այն վակուումը, որ կա բազմաթիվ դեպքերում, երբ քրեական, քաղաքացիական օրենսգրքով չեն կարգավորվում։
«Կենցաղային օրինակ բերեմ՝ մարդը գնացել է բուժհաստատություն, իրեն կոպտել են, այդ հարցը մնում է օդում. կա՛մ մարդը պետք է դիմի դատարան՝ իր արժանապատվությունը նվաստացնելու հայցով, կա՛մ իրավական տեսանկյունից առաջանում է փակուղի, որով ոչ մեկ չի զբաղվում։ Նմանատիպ իրավիճակների կառավարման համար կառավարությունը օրենքից բխող էթիկայի կանոններ հաստատեց, որում մտնում է և՛ բարեվարքությունը, և՛ ապացուցողական բժշկությունը, և այլն։ Որպեսզի այդ կանոնների կիրառելիությունն էլ ստուգվի, ստեղծվեց Էթիկայի հանձնաժողով, որը ձևավորված է անկախ անձանցից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մելիք-Նուբարյանը։
Հանձնաժողովը նոր է, այդ պատճառով վիճակագրություն չկա, թե որքանով է արդյունավետ գործում. դեռևս որևէ դիմում չի ներկայացվել հանձնաժողով։
«Միգուցե, խնդիրը նրանում է, որ թե՛ պացիենտները, թե՛ բուժաշխատողները իրազեկված չեն, որովհետև էթիկայի կանոնները կարգավորում են պացիենտ-բուժաշխատող և բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները, այսինքն՝ բուժաշխատողն էլ կարող է դիմել էթիկայի հանձնաժողով, եթե մեկ այլ բուժաշխատող իր հանդեպ թույլ է տվել մասնագիտական էթիկայի խախտում» ,- նշեց մասնագետը։
Ըստ Մելիք-Նուբարյանի՝ կարևոր է, որ մարդիկ իրազեկված լինեն, որ արդեն տեղ ունեն, որտեղ կարող են իրենց բողոքը ներկայացնել ու համապատասխան մարմինը սահմանված կարգով դիմումը կուսումնասիրի ու որոշում կկայացնի. «Սա կարևոր է, այսինքն՝ հետևանքներ կլինեն»։
Ըստ Մելիք-Նուբարյանի՝ պետք է մտածել նաև հակառակի մասին։
«Ցավոք սրտի, այդ մասը բաց է, միգուցե, այս հարցը լինի բացը լրացնելուն ուղղված գործողություն, որ, այո՛, հակառակն էլ է պետք նախատեսել, որ, միգուցե, պացիենտի կողմից էլ էթիկայի կանոնների խախտում կարող է լինել, ուղղակի այստեղ խնդիրը նրանում է, որ եթե բուժաշխատողի նկատմամբ հնարավոր է միջոց կիրառել՝ նկատողություն, խիստ նկատողություն ու գործունեության կասեցում, ապա հարց է առաջանում՝ պացիենտի նկատմամբ էթիկայի հանձնաժողովն ի՞նչ միջոց կիրառի, իրավական պահը բաց է մնում։ Սա կարևոր խնդիր է»,- նշեց նա։
Կարևոր խնդիր է նաև բուժաշխատողների հաղորդակցությունը պացիենտների հետ. պարտադիր է, որ բուժաշխատողը հայերենով շփվի պացիենտների հետ։
«Սա շատ կարևոր հարց է, որովհետև սա խոսում է բժշկական օգնության սպասարկման որակի մասին, իսկ կոմունիկացիան որակի կարևորագույն ցուցանիշներից մեկն է, այսինքն՝ պացիենտի խնդիրը չէ սովորել լեզու, հակառակը՝ բուժաշխատողի պարտականությունն է պացիենտին հասանելի լեզվով բացատրել հիվանդության ու իրավիճակի էությունը։ Այստեղ շատ անելիք ունենք, կարող եմ ասել, որ նախարարության կողմից հիմա փորձարարական ներդրվել է պացիենտների բավարարվածության հարցում, եթե չեմ սխալվում՝ 4 բուժհաստատությունում։ Այդ հարցման կետերից են, թե որքանո՞վ է հասկանալի այն ինֆորմացիան, որ բժիշկը մատուցել է։ Եթե պացիենտը չի հասկանում, թե ինչ է իր հիվանդությունը, ինչպիսին է իր բուժումը, դա կարող է բերել նրան, որ ինքը սխալ հետևի բուժմանն ու, ի վերջո, առողջական խնդիրը չլուծվի, անգամ՝ բարդանա։ Սա, իրոք, կարևոր հարց է», - հավելեց Դավիթ Նուբար-Մելիքյանը։