06/03/2024 21:34
Ինչու մարտունեցիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլի բերքը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի բնակիչների բողոքին՝ կապված բերքի իրացման հետ։
«Մարտունի քաղաքում բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ այս անգամ ոչ թե խոպանի հարկերն են պատճառը, այլ կարտոֆիլի բերքի իրացումը։
Նորություն չէ, որ Հայաստանի իշխանությունները կառավարման համակարգի լրջագույն խնդիրներ ունեն և տկարություն են ցուցաբերում․ մարդկանց ցասումը՝ հերթական անգամ փողոց փակելու, դրա հերթական դրսևորումներից մեկն է։
Փետրվարին հարցում էի ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և պահանջել հստակ տեղեկություն տալ, թե ինչու Գեղարքունիքի մարզի բնակիչները չեն կարողանում իրացնել իրենց տարվա կարտոֆիլի բերքը։
Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ նշված հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ։
Ըստ էության, այդ աշխատանքները սկսվել են հոկտեմբերից։ Այսինքն, հոկտեմբերից մինչև մարտ այդ հարցի համար պատասխանատու պետական մարմիններն աշխատում են, բայց արդյունք չկա։ Բա ի՞նչ եք աշխատում կես տարի...
Մարդիկ պետք է շարունակեն պահանջատեր լինել, որովհետև այս հարցը, կարծում եմ, չի լուծվելու՝ հաշվի առնելով, որ գործ ունենք անգործունակ իշխանության հետ…»,- գրել է Թագուհի Թովմասյանը։