06/03/2024 23:15
«Գիտեի՝ «3 միլիոն վարչապետերից» մեկն եմ, 2018-ին Փաշինյանի հետ կիլոմետրերով քայլել եմ, ճամփա եմ փակել, էսօր մեզ լրիվ մոռացել ա»․ Զոլաքարում ֆերմերները ոտքի են ելել, բունտ է («Հրապարակ»)
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մեծ ու փոքր ֆերմերները ոտքի են ելել, տոննաներով կարտոֆիլը, կաղամբը նկուղներում նեխում է, իսկ կառավարությունը որեւէ կերպ չի օգնում գյուղմթերքը սպառելու հարցում։ Զոլաքարցի Արսեն Արսենյանն իրեն խաբված է զգում։ «Հրապարակ»-ին ասում է գիտեի՝ «3 միլիոն վարչապետերից» մեկն եմ, խոսքս պիտի կշիռ ունենար, 2018թ․-ին ես էլ եմ Փաշինյանի հետ «կիլոմետրերով քայլել»։ Հիմա դառը իրականությունը թակել է Արսենի դուռը` 100 տոննա կարտոֆիլից միայն 20 տոննան է կարողացել իրացնել, 10 տոննան արդեն նեխել է, իսկ մնացածը, եթե 1-2 ամսում չվաճառեց՝ կովերի ու խոզերի բաժին կդառնա։ Արցախի հանձնումն էլ մի կողմից է գործին վնասել, որքան ջանում է թեման չքաղաքականացնել՝ մեկ է, չի ստացվում, կարտոֆիլի մի մասն իրենք Արցախ էին արտահանում` այդ շուկայից էլ զրկվեցին։
«Իմ բերած վարչապետին խնդրի մասին Ազգային ժողովում ասում են, պատասխանում է՝ ապրիլ-մայիսի թեմա է, հիմա ինչի՞ եք անհանգստանում։ Ես եմ էդ վարչապետին ընտրել, բերել, 15 օր հետեւից գնացել եմ, ճամփա եմ փակել, էսօր մեզ մեր վարչապետը լրիվ մոռացել ա։ Ես էլ էդ «3 միլիոն վարչապետերից» մեկն եմ, ուզում եմ կայուն պետություն ունենանք։ Սա գլոբալ խնդիր ա, եթե գյուղացին իր ապրանքը չկարողացավ վաճառել, ինչո՞վ պիտի ապրի, այլընտրանքն արտագաղթելն է։ Մեր գյուղի արդեն 40 տոկոսը արտագաղթել ա։ Եթե գյուղմթերքի իրացումը չեղավ, մարզի բնակիչների մեծ մասը կարտագաղթի»,-նշում է զոլաքարցին։
Արսենն ասում է՝ այնպես չէ, որ միանգամից որոշել են ճանապարհ փակել, հարգելով օրենքը՝ մինչ այդ գնացել են իրենց համայնքապետի՝ Հովհաննես Հովեյանի մոտ, խոստումներ են լսել, հետո հասկացել են՝ պաշտոնյաների խոսքերն իրար հակասում են։
«Նախ, մեր խնդիրների մասին տեղական իշխանությունները պիտի վաղուց բարձրացրած լինեին, էսօր իմացել եմ, որ վարչապետը հունվարից մինչեւ հիմա խնդրին լուծում չի տվել։ Համայնքապետն ասում է՝ գնացել է մարզպետի մոտ, տեղեկացրել է նաեւ իրեն։ Եթե վարչապետը տեղյակ է եղել ու ոչ մի գործողություն չի կատարել, գյուղմթերքը արտահանելու, ժողովրդից գնելու համար, մենք էլ ի՞նչ անենք` ճանապարհ պիտի փակենք։ Գյուղնախարարությունը փակեցին, գյուղատնտեսությունը մնաց անտեր, որբացած։ Իրանից է կաղամբը ներմուծվում Հայաստան։ Տեղեկություն էլ կա, որ Թուրքիայի կաղամբը Իրանով գալիս է մեր երկիր։ Ոչ մի մարմին չի ստուգում։ Խոսակցությունների համաձայն, այդ ապրանքը առանց մաքսազերծման է մտնում։ Էդ ապրանքը բերում են, մեր գյուղացու գործին խփում են»,-բողոքում է կարտոֆիլի գործով զբաղվող Զոլաքարի բնակիչը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում