06/03/2024 13:08
ՀՀ-ն Ադրբեջանի դեմ գործ հարուցելով՝ կարող է պաշտպանել ԼՂ հայ ժողովրդի իրավունքները, այլապես Ադրբեջանը կջնջի արժանապատիվ վերադարձի բոլոր խորհրդանիշները. Մարուքյան
Հաշվի առնելով Ադրբեջանի բոլոր միջազգային պարտավորությունները՝ Ստեփանակերտում այս ավերածություններն անընդունելի են։ Սա խախտում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները. X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ կիսվելով ադրբեջանցիների կողմից Արցախի խորհրդարանի շենքի քանդման տեսանյութով։
«Ըստ էության, այս խախտումները սկսվել են 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմով և համարվում են շարունակվող խախտումներ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ ժողովրդի դեմ։ Բնականաբար, միջազգային հանրությունը նույնպես անտեսելու է այս ամենը և որևէ կերպ չի արձագանքելու, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ոճրագործությունները մտնում են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման մասին կոնվենցիայում սահմանված արգելքների մեջ։
Մինչդեռ, որպեսզի նման արձագանք լինի, առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցը բարձրացնի միջազգային հանրության մոտ, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի։ Աշխատի վերջ դնել այս աղետին և սկսի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոտնահարված հիմնարար իրավունքները վերականգնելու վերաբերյալ քննարկումներ։
Լեռնային Ղարաբաղ անվտանգ վերադարձի իրավունքը, ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սեփականության, մշակութային ժառանգության հասանելիության և օգտագործման իրավունքը և բոլոր մյուս իրավունքները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով։
Եթե Հարավային Աֆրիկան կարող է Իսրայելի դեմ գործ հարուցել Արդարադատության միջազգային դատարանում և փորձել պաշտպանել պաղեստինցիների իրավունքները, ապա Հայաստանը միանշանակ կարող է նման գործ հարուցել Ադրբեջանի դեմ՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքները։
Մենք պետք է գործենք որքան հնարավոր է շուտ, այլապես Ադրբեջանը կջնջի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի արժանապատիվ վերադարձի բոլոր խորհրդանիշները»։