06/03/2024 13:36
Սա ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում է. Մինասյանը՝ ադրբեջանցի գերուն Բաքվին հանձնելու մասին (Տեսանյութ)
Սա ստրկացված իշխանության վարքագծի դրսևորում է, չկա ոչ մի արժանապատվություն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցի գերուն Բաքվին հանձնելու քայլին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս վարքագծով իշխանությունը ազգի, ժողովրդի, երկրի արժանապատվությունը գետնին է հավասարեցրել.«Կեղծ թեզը, որը հիմա տարվում է, գալիս է Նիկոլ Փաշինյանի էությունից։ Նա իր էությամբ երբեք չի հանդուրժում ոչ միայն բարեկամությունը, այլև եղած դաշնակցային հարաբերություններն է վերածում թշնամականի։ Իսկ թշնամիներին էլ ավելի է կատաղեցնում, դարձնում վայրենի․ ինչպես նա է իր կյանքն ապրում, այնպես էլ ժողովրդին է պարտադրում դա»։
Պատգամավորը շեշտեց, որ հնարավոր էր՝ գերիները գերիների հետ փոխանակել, սակայն այդպես չեն վարվել, քանի որ այս իշխանությունների բնույթն է այդպիսին.«Իրենք օտարին ծառայող իշխանություններ են՝ սեփական աթոռը, նեղ իշխանական խումբը պահելու, վայելքներից օգտվելու նպատակով։ Հայ ժողովրդի պատմության մեջ եղել են, որ առանձին իշխաններ փորձել են հաճոյանալ, հպատակվել, ստրկանալ թշնամուն, որպեսզի պահեն իրենց ունեցածը, սակայն տեսնում ենք, թե այդպիսի իշխանավորների վերջն ինչով է ավարտվել»։