06/03/2024 19:52
Գիտնականները «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրք են պատրաստվում ստեղծել․ «Այն որակով, որին արժանի են մեր երեխաները»
ԿԳՄՍ նախարարության գործելաոճից ակնհայտ է, որ եթե անգամ այդ դասագրքում ամբողջ էջերը սպիտակ լինեին, ոչ մի բան գրված չլիներ, միևնույն է, նախարարությունը պնդելու էր, որ դա դասագիրք է ու մնալու է շրջանառության մեջ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը կմնա շրջանառության մեջ՝ ի հեճուկս մասնագիտական համայնքի արդարացված և օբյեկտիվ քննադատությանը։
«Ուզում եմ ընդգծել, որ այդ գիրքը մեծ վերապահումներով ու պայմանական եմ անվանում դասագիրք։ Ինչևէ։ Եթե այն լիներ ավելի վատը, թեև չեմ պատկերացնում, թե սրանից վատ ինչ կարող էր լինել, միևնույն է, նախարարությունը այդ դասագրքից հետ չէր կանգնելու, որովհետև այստեղ չինովնիկական վարչարարության միջակ ու խայտառակ գործելաոճի հետ միասին՝ գործ ունենք կոռուպցիոն երևույթի հետ, որը պատճառ ունի։ Այդ պատճառը կոչվում է քաղաքական»,- արձանագրել է գիտությունների դոկտորը։
Նա ընդգծել է, որ դասագրքի հետ կապված քաղաքական որոշում է կայացվել, ընդ որում, դա ոչ թե նախարարության կամ Ժաննա Անդրեասյանի դիրքորոշումն է, այլ կուսակցության դիրքորոշումն է, որի առաջնորդը թիրախավորում է մեր ամբողջ արժեհամակարգը։
«Այսինքն, մենք տեսնում ենք քաղաքական որոշում, ուստի ցանկացած դասագիրք պետք է մնար։ Ընդ որում՝ գործ ունենք նաև կոռուպցիայի հետ, որը նախարարություն- «Մասնակցային դպրոց» - հեղինակ շղթայի մեջ պետք է դիտարկել»։
Նա նաև նշել է, որ հաջորդ խնդիրը կապված է դասագրքի հակագիտականության հետ։
«Այստեղ ես զենքերս վայր եմ դնում, որովհետև այսքան գրելուց, բացատրելուց հետո, երբ այսքան մասնագետ ի մի է բերել իր տեսակետը ու պնդում է մի բան, իսկ նախարարությունը մեզ հակադրում է մեկ անանուն փորձագետի տեսակետ, որի ո՛չ անունը գիտենք, ո՛չ գիտական կոչումն ու գիտական աստիճանը ․․․ Ընդ որում՝ նախարարություն կոչվածը, որը պատխանատու է նաև գիտության համար, անանուն մի խայտառակ անձի հակադրում է 19 մասնագետի գիտնականի կարծիքի։ Եթե անգամ այդ անձը գոյություն ունի, նա արդեն գիտական դիակ է»,- փաստել է պատմական գիտությունների դոկտորը։
Դեմոյանը հույս է հայտնել, որ ԱԺ պատգամավորներն արդեն ոչ միայն պետք է հարցեր ուղղեն նախարարին, այլև հստակ, իրենց լիազորությունների սահմաններում պարտադրեն ու պահանջեն, որ նա հրապարակի այդ անանուն փորձագետի անունը, որի կարծիքին հղում անելով՝ նախարարությունը կարող է մի ամբողջ սերունդ հաշմել, զրկել բարձրորակ կրթություն ստանալու իրավունքից։ «Սա երեխաների կրթվելու իրավունքի կոպիտ խախտում է, ինչը նաև քրեորեն հետապնդելի արարք է»,- ասել է պատմաբանը։
Նրա կարծիքով՝ դասագրքի հեղինակը այլևս գիտական աշխարհում ներկայանալի չպետք է լինի, քանի որ այդ մեկ անձին օգտագործում են քաղաքական, նաև ֆինանսադրամային հաշիվների մեջ․ «Մենք տեսնում ենք խայտառակ կոռուպցիոն երևույթ, ընդ որում՝ դրա կոռուպցիոն մասը ամենաանմեղն է, իսկ ամենավտանգավորը քաղաքական որոշումն է, որով փորձում են ոչ թե բարեփոխել, ձևափոխել, այլ խեղել մի քանի սերունդների հիշողությունը՝ չունենալով հստակ ո՛չ հայեցակարգ, ո՛չ ճանապարհային քարտեզ, թե ինչպես բարեփոխել։
Իսկ դասագիրք տպելու հետ կապված վերջին 20 տարիներին գործում է դասագրքային մաֆիա, որը մշտնջենական է, ընդ որում պայքարը նաև հենց սրա համար է։
Դեմոյանի կարծիքով՝ լավագույն որոշումը, որը կարող է լինել և որով կարելի է հակադարձել այս խայտառակ որոշմանը՝ նոր դասագիրքն է․
«Մենք՝ մասնագետ գիտնականներս, ստեղծելու ենք նոր այլընտրանքային դասագիրք՝ այն որակով, որին արժանի են մեր երեխաները։ Այս պահին քննարկում ենք այն գիտնականների շրջանակը, որոնք կմիանան այդ նախաձեռնությանը։
Իսկ հանրությունը կունենա շատ պարզ մի իրավունք և հնարավորություն՝ համեմատելու 2 դասագրքերը։ Սա միակ ազնիվ ճանապարհն է՝ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու։
Մենք, իհարկե, հոնորարար, աշխատավարձ չենք ակնկալելու։ Եթե կարողանանք տպագրության ծախսը հոգացող գտնել՝ լավ, եթե ոչ, դա էլեկտրոնային տարբերակով հասանելի կլինի։ Առայժմ առաջնային է դասագիրքը կազմելը։ Կարծում եմ, խնդիր չենք ունենալու այն տպագրել և դպրոցներին հասցնելու առումով։ Ամեն ջանք գործադրելու ենք, որ հաջորդ տարվա սեպտեմբերին դասարգիրքը պատրաստ լինի ու մենք դրա շնորհանդեսը անենք։
Դա կլինի մեր արժանի պատասխանը նախարար Անդրեասյանին, նախարարությանը և մնացածին, ովքեր ներգրավված են այս խայտառակ կոռուպցիոն շղթայի մեջ»։