06/03/2024 09:49
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է. գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որևէ բան չի շահում։ Ահավասիկ՝ «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար մարտի 18-ից հնգօրյա այցով Հունաստան են մեկնելու ՔՊ-ական լեդիները՝ Քրիստինե Պողոսյանը և Մարիամ Պողոսյանը, ով մինչև պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր: Ապա 10 պատգամավոր մարտի 18-21-ը Բրյուսել կմեկնի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու:
Կմեկնեն ԱԺ Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արման Եղոյանը: Նրանցից մեկ օր շուտ էլ նույն միջոցառմանը մասնակցելու կմեկնեն ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը: Ինչպես նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Գասպարյանը։ 2024 թ. մարտին կայանալիք ԵԽԽՎ նիստերի աշխատանքներին մասնակցելու համար էլ են պատգամավորներ գործուղվել: Մի քանի օր է՝ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում է, նա կմնա մինչև մարտի 8-ը: Մարտի 3-5-ը Վլադիմիր Վարդանյանն էր այնտեղ, Արմեն Ռուստամյանը՝ մարտի 5-7-ը, բայց կմեկնի նաև մարտի 20-22-ը: Հռիփսիմե Գրիգորյանը՝ 17-20-ը, Արուսյակ Ջուլհակյանը՝ 18-21-ը, Սոնա Ղազարյանը՝ 20-22-ը: Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է Եգիպտոս մեկնել։ Էստոնիա է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»։