07/03/2024 12:08
Կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:
Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Կառավարության համար: «Ես հրապարակային հայտարարել եմ իմ տեսակետը և շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը: Հասկանալի է, որ զարգացում ասելով նկատի ենք ունենում բոլոր ոլորտները՝ կրթություն, գիտություն և այդպես շարունակ, բայց դա, ի վերջո, արտահայտվում է, այն կարելի է շոշափել, տեսնել, հաշվել տնտեսական զարգացման տեսքով:
Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է՝ դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե, Էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ, նաև լավ հնարավորություն է պարոն Պապոյանի համար, ով գործընթացներում ներգրավված է եղել խորհրդարանական ֆորմատով և խորհրդարանական հարթակից, ընդ որում՝ ղեկավարելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովը, տեղյակ լինելով հարցի այդ կողմին՝ լավ հնարավորություն է իրադրության վրա կոնկրետ ազդեցություն ունենալ այս մյուս կողմից»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը: «Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասել է վարչապետը: