07/03/2024 12:15
Օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. «Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»:Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Գևորգ Պապոյանին և հաջողություն մաղթել նրան ու նախարարությանը: «Էկոնոմիկայի նախարարությունը մեր նոր տեսլականի շրջանակներում ձևավորված նախարարություն է և այս ընթացքում ես չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ այնուամենայնիվ, ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը: Ընդհակառակը, մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մի շարք գործառույթներ, բյուրոկրատական շատ ծանր պրոցեսներ թեթևացնենք, որ նախարարությունների գործն էլ քչանա, մարդկանց առնչությունները նախարարությունների հետ նույնպես քչանա, բայց քչանալ՝ չի նշանակում զրոյացվել, որովհետև ակնհայտ է՝ կան տեղեր և դեպքեր, որտեղ պետական կառավարումն իր անմիջական մասնակցությունը պետք է ապահովի»,- նշել է վարչապետը:
Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և քաղաքական թիմին՝ բարձր և շատ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից: «Իսկ մեր ժողովուրդը մեզ գործուղել է այստեղ, որպեսզի մեր պետությունը դարձնենք ավելի հզոր, ավելի ամուր, ավելի կենսունակ, և այդ առումով, իհարկե, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է, որովհետև այո, մի շարք խնդիրների լուծում հենց տնտեսության զարգացման մեջ է գտնվում:
Եվ այդ առումով կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն:
Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը և գործընկերներին կոչ արել՝ մշտապես լինել պրոակտիվ, նոր գաղափարներ առաջարկել: