07/03/2024 10:07
Տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին հանդես եկող երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը՝ թույլ չտալու Ադրբեջանի ռազմականացումը. Տիգրան Աբրահամյան
Տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին հանդես եկող երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը՝ թույլ չտալու Ադրբեջանի ռազմականացումը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ Իսրայելը Պաղեստինի դեմ էթնիկ զտման քաղաքականությանը զուգահեռ՝ հասցնում է գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարումներ հասցնել Ադրբեջանին:
Թե կոնկրետ ինչ մատակարարումների մասին է խոսքը, ըստ պատգամավորի, միայն կարելի է կռահել, սակայն փաստ է, որ բաց աղբյուրները որոշակի պարբերականությամբ ռազմական նշանակության բեռների չվերթներ են արձանագրում:
«Սրան զուգահեռ, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ակտիվ փոխայցեր են` պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, տեղակալներ, զորային տարբեր օղակների հրամանատարներ, և այլն:
Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության օգտին, հայտարարություններից ու բարի մաղթանքներից բացի՝ պետք է օգտագործեն իրենց ազդեցությունն Ադրբեջանի ռազմականացումը թույլ չտալու համար, հակառակ դեպքում՝ լավ ցանկությունները բացառապես սոցիոլոգիական հարցումների վրա են ազդելու, իսկ տարածաշրջանը նոր պատերազմ է ստանալու:
Ադրբեջանն անընդհատ արհեստական ալիք է ստեղծում` Հայաստանին մեղադրելով սպառազինվելու և պատերազմի վտանգ ստեղծելու համար, ինչը որևէ լուրջ հիմնավորում չունի, իսկ դրա քողի տակ մեծաքանակ սպառազինություն և զինտեխնիկա գնում` իրական վտանգ ստեղծելով տարածաշրջանային նոր պայթյունի համար»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։