07/03/2024 17:09
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ԱԳՆ և պահանջել հակառուսական ծրագրեր իրականացնող ՀԿ-ներին չֆինանսավորել, Ռուսաստանի ներքին գործերին չմիջամտել
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ և նոտա հանձնել՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանում անցանկալի ճանաչված ամերիկյան երեք ոչ կոմերցիոն կազմակերպություններին աջակցությունը։
Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, այդ երեք կազմակերպությունները Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության հովանավորությամբ զբաղվում են հակառուսական նախագծեր իրականացնելով և կրթական ու մշակութային փոխանակման ծրագրերի շղարշի ներքո զբաղվում են ազդեցության գործակալների հավաքագրմամբ։
«Դեսպանին պաշտոնապես նոտա է հանձնվել՝ ոչ կոմերցիոն երեք կազմակերպություններին աջակցությունը դադարեցնելու պահանջով։ Այդ կազմակերպություններին աջակցության տրամադրումը հետայսու կդիտարկվի որպես ՌԴ օրենսդրության խախտում։ Պահանջ է ներկայացվել նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքից ու սոցցանցերի էջերից հեռացնել այդ կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերի ու ծրագրերի մասին ծանուցումները»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին նախազգուշացրել են, որ Ռուսաստանի ներքին գործերին միջամտության փորձերին խիստ հակազդեցություն կհաջորդի՝ ընդհուպ մինչև ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին persona non grata հայտարարելն ու երկրից վտարելը։