08/03/2024 14:05
Երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և հարկ չեմ վճարում. Աշոտ Փաշինյան
Փաշինյանների 3-րդ մասի բնակարանում այսօր բացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկարների ցուցահանդեսը։ «Գեղագիտությունից գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 15-ը՝ Գարեգին Նժդեհ 29, բն 15 հասցեում:
Լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը նշել է, թե տեղյակ չէ՝ ընտանիքի անդամները գնալո՞ւ են ցուցահանդեսին, թե՞ ոչ։
Հարցին, թե տեղյա՞կ են ցուցահանդեսից՝ պատասխանել է, որ իրեն թվում է՝ այո․ «Չգիտեմ, ցուցահանդեսն արագ է ստացվել, դեռ չեմ խոսել իրենց հետ»։
Հատկանշական է, որ սկզբնապես վարչապետի որդին խորագիրը այլ է գրել, սակայն հետո փոխել է․ «Վաղը 12:00-ին կբացվի իմ «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդեսը»,- գրել էր նա սկզբնապես։
Աշոտ Փաշինյանը մեկնաբանել է, որ ցուցահանդեսի նրբերանգը հեղափոխությունից հեղափոխությունն է իր համար։ «Որպես գեղանկարիչ, կամ որպես հեղափոխական մարդ, համարում եմ՝ գեղագիտությունը հեղափոխականության կարևոր հարցերից մեկն է, «հեղափոխությունից հեղափոխություն, գեղագիտությունից գեղագիտություն» բառախաղի մասին է խոսքը»,-ասել է նա և նշել, որ այսօր էլ ամբողջությամբ պաշտպանում է հեղափոխությունը և այն քաղաքական միջավայրը, որ շարունակվում է ավելի ինստիտուցիոնալ մարկարդակում։
Հարցին, թե նա ԱՁ է հիմնել, միկրոտնտեսության ոլորտում է աշխատելու, այն դեպքում, երբ վարչապետն ասում էր, որ հարկ վճարողները հերոսներ են, այլ կերպ ասած՝ հարկ տալուց խուսափո՞ւմ է՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է․ «Իմ մեկնաբանությունն այն է, որ ես երևի պետք է ներողություն խնդրեմ, որ հարուստ չեմ և ես հարկ չեմ վճարում, քանի որ իմ շրջանառությունը X գումարը չի գերզանցում։ Բայց միկրոն հնարավորություն ունի նաև դառնալու միջին և մեծ»,-ասել է նա և նշել, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, զբաղվում է գեղանկարչությամբ և ԱՁ-ն բացել է, որպեսզի իր գործունեությունն օրինական լինի։