08/03/2024 10:10
Միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի. մենք գնում ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով:
«Շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են:
Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախևառաջ մեր երկրի զարգացման գործում կանանց պոտենցիալի լիարժեք ներգրավման մասին ևս մեկ անգամ խորհելու առիթ է: Ի սկզբանե էլ Մարտի 8-ը հիմնադրվել է կանանց աշխատանքային, քաղաքական, կրթական և այլ իրավունքների պաշտպանության համատեքստում, ու նաև սա է այդ ընկալման պատճառը:
Մեր կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը, որովհետև ակնհայտ է, որ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման, մեր երկրի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն:
Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի բազմաթիվ կանայք ներգրավված են տնտեսական գործունեության մեջ և ամենօրյա ստեղծարար աշխատանքով արժեք են ստեղծում, հարկեր վճարում: Այսօր բազմաթիվ կանայք ներգրավված են իրավապահ համակարգում, ծառայում են ոստիկանությունում և բանակում, ու մենք ուզում ենք, որ նրանց թիվը մեծանա, որովհետև դա բխում է մեր երկրի շահերից:
Այսօր բազմաթիվ կանայք պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ու կարևոր է նաև ընդգծել, որ այդ պաշտոններում նրանց հայտնվելու պատճառը կին լինելը չէ, այլ լավ մասնագետ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը:
Մեր երկրում կանայք պետք է հասանելիություն ունենան բարձրորակ կրթությանը, և նաև այս խնդիրը լուծելու համար ենք որդեգրել 300 դպրոցի և Ակադեմիական քաղաքի ծրագիրը:
Բայց այս ամենով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն: Նաև սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտեզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է և բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից: Նաև այս խնդրի լուծման համար ենք ներդրել հայրական արձակուրդի ինստիտուտը, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատվությունն ավելի շատ կիսեն կանանց հետ: Նաև այս խնդրի լուծման համար ենք վերարտադրության ոլորտում մի շարք ծրագրեր ստեղծել, և այս քաղաքականությունները կշարունակվեն ու կխորանան:
Այսօր մենք հարգանքի առանձնակի տուրք ենք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը տված կանանց՝ մեր քույրերին, հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին: Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կանանց տոնը շնորհավոր»,- ասված է ուղերձում: