08/03/2024 19:56
«Առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»․ Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի վարչապետ Կալասին
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, հայտնում են խորհրդարանից։
Հաղորդագրությունում նշված է․
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները վարում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայ-էստոնական համագործակցությունը կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի, թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահն Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ բերած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կարեւորել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Նա վարչապետին նաեւ ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հնարավորություններն առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի վարչապետին Հայաստանի պատվիրակությանը ջերմ հյուրընկալելու եւ կառուցողական երկխոսության համար:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում»: