08/03/2024 09:44
«Հրապարակ». Փաշինյանն իրականացնում է փուլ առ փուլ հանձնման ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խոսել է Տավուշի այն չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջնահերթ պահանջում է հանձնել իրեն։ Այդ հարցով, ի դեպ, նաև Մյունխենում էր քննարկում եղել։ Փաշինյանը թիմակիցների հետ խոսելիս շեշտել է, որ դրանց մեջ Տիգրանաշենը չի մտնում, բոլորն էլ Տավուշի մարզում են։ Այսպիսով՝ հայտնի է, թե խոսքը որ չորս գյուղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի:
Հիշեցնենք, որ դեռևս պատերազմից մեկ տարի անց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բարձրաձայնեց, թե, իր տեղեկություններով, ադրբեջանցիներն արդեն չափագրումներ են անում նշված գյուղերում, իշխանությունը, բնականաբար, հերքեց, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականությունից։
Ի դեպ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս հայտարարել է, որ իրենց մարզում ադրբեջանական գյուղեր կան։ Թե ինչու է հիմա խոսվում չորս գյուղերի, այլ ոչ թե ութի մասին, ինչպես նախկինում Փաշինյանն էր հայտարարում, իշխանական մեր աղբյուրների կարծիքով՝ նշված չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց հանձնումը խնդրահարույց չի լինի մեզ համար՝ այնպես, ինչպես մյուսներինը, դիցուք՝ Տիգրանաշենինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարավին։ Ալիևն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրահարույց տարածքները, հետո հանրությունը կընտելանա նաև մյուսների հանձնմանը։ Այսինքն, Փաշինյանն իրականացնում է փուլ առ փուլ հանձնման ծրագիրը՝ պարբերաբար հանրությանը վախեցնելով պատերազմով»։