09/03/2024 20:32
Գեոպոլիտիկ նորակոչիկ դառնալու շահ Հայաստանը չունի, դա մեր պատերազմը չէ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
Նարինե Սահակյանը հեռահար կարգով հարց է ուղղել Արմեն Աշոտյանին․ «Նորից բացահայտ ատելության խոսք է սկսվել ՌԴ-ի դեմ։ Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Պետք է հստակ արձանագրել, որ երբ քննադատում եմ քաղաքականությունը, որը վարում է Նիկոլը, դա անում եմ բացառապես հայկական շահերից ելնելով և ոչ թե ներկայացնելով Կրեմլի շահերը։
Անգամ եվրոպացիներն են բարձրաձայնում, որ Ռուսաստանի փոխարեն Հարավային Կովկասում նախընտրում են Թուրքիային։
Այո, ռուսներն իդեալական դաշնակիցներ չեն, եթե այդպիսիք առհասարակ լինում են։ Ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, անհասկանալի էր դեռևս 2018-ի թավշյա իշխանազավթումից սկսած։
Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտությունը, բայց անհերքելի է, որ 2018-ին և 2021-ին Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մեկին գցելու է իր գեոպոլիտիկ խաղերի մեջ և այլևս անթաքույց է, որ նա ընտրել է Արևմտյան բևեռը։
Հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018-ի միտինգներին ինքնամոռաց հիշատակում և հրճվում Մարիա Զախարովայի մեկնաբանություններով, ինչպես, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Սիրիա ուղարկեց հայկական զորախումբ, ինչպես էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով և այլն։ Զավեշտ է, երբ իրենց հակառուսականությունը Փաշինյանը և իր թիմը հիմա մեզ հրամցնում են որպես «սուվերենության, անկախության համար պայքար»։ Ադրբեջանը և Թուրքիան կանոնավոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, սակայն Նիկոլը համառորեն լուռ է այս ուղղությամբ, ավելին, նաև համաձայնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին՝ օրենքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։ Եվ այս ֆոնի վրա ինքնիշխանության համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը, իրականությանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո, մենք կախված ենք Ռուսաստանից ճիշտ այնպես, ինչպես Կանադան ԱՄՆ-ից, Մոնղոլիան Չինաստանից, Խորվաթիան Գերմանիայից, էլ չասեմ բազմաթիվ երկրների կախվածությունների մասին՝ մեկ այլից:
Հայաստանը չունի որևէ ռեսուրս՝ ներգրավվելու գեոպոլիտիկ պատերազմի մեջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային, ո՛չ բնական պաշարների։
Ավելին, Հայաստանը չունի նաև ոչ մի շահ՝ դառնալու գեոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ»։