09/03/2024 15:32
Աչքիս առաջ երեխաներ ու տարեցներ էին մահանում, ոչ մեկին չէի կարողանում օգնել, բոլորս արյան մեջ էինք...
Թշնամու ռազմական հանցագործություններից առավել տուժած գյուղերից մեկն Ասկերանի շրջանի Սառնաղբյուրն է։
Սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում գյուղն ունեցել է զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ։ Սոֆի Պապիկյանը MediaHub-ին պատմել է, որ սեպտեմբերի 19-ին գյուղացիները դիզվառելիքով մեքենա են գտել ու կազմակերպված, ամենքն իր գործով գնացել քաղաք. այդպես էր բոլոկադայի ամբողջ ընթացքում։
«Կեսօրին, երբ լսեցինք կրակոցները, տագնապահար եղանք, խուճապ էր։ Բոլոր այն կանայք ու տղամարդիկ, ովքեր երեխաներ ունեն, ահավոր վիճակում հայտնվեցինք, տեղներս չէինք գտնում ու անընդհատ իրար հարց էինք տալիս՝ «բա երեխաները, տեսնես` որտե՞ղ են, ի՞նչ են անում»,- հիշել է 39-ամյա կինը։
Հասկանալով, որ իրավիճակը րոպե առ րոպե ավելի է ահագնանում, Սառնաղբյուրի բնակիչներին տեղափոխում են բնակելի շենքերից մեկի ապաստարան։
««Կալցեվոյ»-ի շենքի նկուղ են տարել, բայց սիրտս պայթում էր այնտեղ, ներսում բոլորը լաց են լինում, իսկ մեր ուշքն ու միտքը մեր երեխաներն էին, դրա համար հիմնականում դրսում ենք մնացել, որ փորձենք կապ հաստատել գյուղի հետ»,- պատմել է նա։
Սոֆին 4 երեխաների մայր է։ Նրանցից 3-ը տարբեր աստիճանի բեկորային վիրավորում են ստացել այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը հարվածային ու հեռահար միջոցներով անդադար կրակել է այն հատվածում, որտեղ հավաքվել էին գյուղի բնակիչները։
«Խնդրեցինք վարորդին, որ ինչ էլ լինի՝ մեզ գյուղ հասցնի, բայց այնտեղ ասացին, որ մեքենայի վրա ևս կկրակեն, ու, հնարավոր է, գյուղ չհասնենք։ Մեր ապրումները նկարագրել չեմ կարող, անընդհատ զանգում էինք, բայց կապ չկար, ոչ մի տեղից հստակ ոչինչ չկարողացանք ճշտել։ Պատկերացրեք ստեղծված իրավիճակն այնքան անելանելի էր, որ ուզում էի ոտքով գնալ»,- ասել է Սոֆի Պապիկյանը։
Նույն օրը համայնքի ղեկավարը Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխում Սառնաղբյուրում վիրավորում ստացած բնակիչներին, որից 12-ը՝ երեխաներ։