09/03/2024 16:42
Ադրբեջանը կրկին սպառնացել ու տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին․ Տավուշի մարզի 8 գյուղերից 4-ի հարցում շտապում են
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 7-րդ հանդիպումից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։ Բացի այդ, ադրբեջանական կողմը իր անհամաձայնությունն է հայտնել հայկական կողմի պնդումներին, որ 31 հայկական գյուղ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։
«Հարկ ենք համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն անհիմն է հայտարարելը, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից»,- ԱՊԱ գործակալության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։
Ադրբեջանական կողմը նույն հայտարարությամբ տարածքային պահանջ է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի 8 գյուղերի նկատմամբ, որում նաև ակնհայտ սպառնալիքի տարր կա։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, թե գյուղերից 4-ի «պատկանելությունն Ադրբեջանին անվիճելի է», այդ գյուղերը «ենթակա են անհապաղ ազատագրման»։
Ադրբեջանը հայտարարել է նաև, թե ՀՀ Տավուշի մարզի մյուս 4 գյուղերի «վերադարձի» հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։