10/03/2024 16:33
Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ավելի քան 30 անձ է ձերբակալվել
Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ձերբակալվել է 33 անձ՝ մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձինք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելու մեջ:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ նրանք պատրաստվում էին գործողությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրանց մոտ հայտնաբերվել են չլիցենզավորված զենքեր, մեծաքանակ արտարժույթ, առգրավվել՝ մեծ թվով արգելված գրականություն և կազմակերպչական փաստաթղթեր։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան անձինք, ովքեր զինյալներ էին ուղարկում հակամարտության գոտիներ, ֆինանսական օգնություն ցուցաբերում ահաբեկիչներին և անօրինական մզկիթներ ու մեդրեսեներ էին ղեկավարում: