11/03/2024 19:36
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Շուտով 9 ամիսը կլրանա, ինչ Արմեն Աշոտյանը բանտում է: Ամեն անգամ Արմենին այցելելիս մտածում եմ` լավ, դեռ ինչքան մեր ընկերոջը պետք է հանդիպենք բանտային պայմաններում:
Որքան էլ Արմենը գիտակցված է գնացել այդ քայլին, միևնույն է` սա մեր իրականության ամենաողբերգական դրվագներից է:
Դավաճանները դրսում են, իսկ Արմենի նման արժանապատիվ մարդիկ` բանտում:
Այսօր նաև Նարեկ Մալյանին տեսակցեցի: Մի 10 օրից էլ նրա կալանավորման 6 ամիսը կլրանա: Ի դեպ, նույն հոդվածքով այս ընթացքում 4 մարդ է անցել, որից մեկը` Արմեն Գրիգորյանը, դատարանի դահլիճում մահացել է:
Մյուս 2-ը իշխանական դեմքեր են, ովքեր նույնիսկ 1 օր չեն նստել, իսկ Մալյանը շարունակում է կալանքի տակ մնալ:
Մամիկոն Ասլանյանի մասին նույնիսկ խոսք էլ չկա ասելու` 2-3 տարի է՝ նստած է, սակայն դատն արհեստական ձգձգում են, իսկ ինքը` Մամիկոնը, նստած է զուտ այն բանի համար, որ քաղաքապետի ընտրություններում հաղթել է ու չի ցանկացել համագործակցել իշխանության հետ:
Եթե Մամիկոնի գործով դատավճիռ լիներ, ապա նա արդեն վաղուց տանը կլիներ, չնայած հենց դրա համար էլ դատական պրոցեսը շարունակ ձգում են:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: