11/03/2024 14:14
Ջրծաղիկից երեխա է մահացել․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է ԲԿ-ներից մեկում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։
«Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ...Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Հավելեմ, որ, ըստ միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60 000 դեպքից 1-ի մոտ:
2020թ հունիսին ՀՀ առողջապահության պատասխանատուն փաստում էր, որ «Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»։
ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում, մեղմ ասած, կործանարար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:
Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը:
Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին՝ սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնությունները պարզելու համար»: