11/03/2024 21:22
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի արդարացման վճռի դեմ դատախազության բողոքը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի արդարացման դատական ակտն անփոփոխ է մնացել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի՝ մերժել է Առուշ Առուշանյանի և մյուսների վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքները՝ թողնելով արդարացման դատական ակտն անփոփոխ։ Վճիռը հրապարակվել է օրերս։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։
Մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։
Մեղադրող դատախազները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանության կողմը՝ պահանջելով ամբաստանյալներին արդարացնել մյուս դրվագներով ևս։ Դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։