11/03/2024 12:15
Խոսակցություններ կան, որ շենքն արդեն գնող կա. Կոնսերվատորիայի շենքը պետք է մնա իր տեղում, և ԲՈՒՀ-ը շարունակի աշխարհին տալ հրաշալի երաժիշտներ. Աննա Մայիլյան
Կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանի կարծիքով՝ ԲՈՒՀ-երի օպտիմալացման գաղափարը շատ անտրամաբանական է:
«Զուտ կոնսերվատորիայի մասով ասեմ, որ անտրամաբանական է այն միացնել որևէ այլ ինստիտուտի: Սա միակ մասնագիտական ԲՈՒՀ-ն է: Այն ունի հատուկ տեղ ու կառուցվածք՝ մասնագիտական լսարաններով, որտեղ երգեհոններ կան, որոնք չի կարելի ոչ մի տեղ տեղաշարժել, գործիքներ կան: Տեղանքն էլ հարմարեցված է այնպես, որ Օպերայի շենքին, Սայաթ-Նովա դպրոցին մոտ լինի: Ամեն բան խելացի կազմակերպված ու դասավորված է: Իսկ այդ ամենը քանդելը միտումնավոր տգիտություն է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մայիլյանը:
Նրա պնդմամբ՝ դա ճակատագրական սխալ կլինի: Երգչուհին նշեց՝ ուրախացել է, որ Կոնսերվատորիայի ռեկտորն արդեն գրավոր արձագանքել է, սակայն, ըստ նրա, դա պետք է ավելի ընդգրկուն լինի՝ կոնֆերանսներ, դասախոսների հետ հանդիպումներ, քննարկումներ.
«Բոլորս մտահոգ ենք և պատրաստ ենք պաշտպանել մեր ԲՈՒՀ-ը: Ես կառավարության քննարկումներին ներկա չեմ եղել և չգիտեմ, թե ինչ գաղափար ունեն: Սակայն կարող եմ ենթադրություններ անել, որ շենքն ինչ-որ մեկին պետք է: Այն գտնվում է կենտրոնում, ասեկոսեներ և անուններ են շրջանառվում, որ շենքը գնող կա: Իհարկե, քաղաքի կենտրոնում այդ հրաշալի շենքը կարող է գեղեցիկ հյուրանոցի համար ծառայել, բայց դա ևս հայրենիքի հանձնում է: Ոչ մի տեսակի բիզնես-գաղափար չի կարող դա արդարացնել: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են կարողանում ոչնչացնել հայրենիքի մշակույթը»:
Մայիլյանը կոչ արեց բոլոր երաժիշտներին՝ Հայաստանում ապրող և դրսում բեմեր գրաված, միանալ և պաշտպանել Կոնսերվատորիան.«Եթե մենք Կոնսերվատորիա չունենանք, կամ ունենանք մի ինչ-որ ինստիտուտի որևէ հարկում, մենք ամբողջովին կփլուզենք մեր մշակույթը: Այս օպտիմալացման գաղափարը բերելու է համակարգի քանդման, և եթե այսօր դրա դեմը չառնենք, վաղը ամոթ է լինելու: Ի՞նչ ենք թողնելու մեր սերունդներին՝ անե՞ծք: Պետք է ուշքի գալ և«ստոպ» անել: Ամեն դեպքում, Կոնսերվատորիայի շենքը պետք է մնա իր տեղում, և ԲՈՒՀ-ը շարունակի աշխարհին տալ հրաշալի երաժիշտներ: Դա մեծագույն սխալ է լինելու»:
Այսօր Կոնսերվատորիայի ղեկավարությունն անդրադարձել է թեմային և նշել, որ կիսում են երաժշտասեր համայնքի վրդովմունքն իրենց ԲՈՒՀ-ի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։
«Արվեստների» ուղղության մեջ են մտնում․
1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը