11/03/2024 19:55
«Կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարներն աչքի ընկան աճպարարությամբ»․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի մրցավարների աշխատանքից իր դժգոհությունն է հայտնել․
«Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում են արդարության մասին, իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` միաժամանակ զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։ Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ «ցիրկ» էր հիշեցնում, որտեղ «արդար» մրցավարները աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել, ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։
Ես՝ որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»։