11/03/2024 22:32
Ուսումնասիրվե՞լ է՝ մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելը բժշկից ինչքան ժամանակ կտանի, հիվանդը որքան կսպասի դեղատոմս ստանալու հերթում, գնահատվե՞լ է դեղերի գների բարձրացման ռիսկը․ Կյուրեղյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի անդրադարձը էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի վաճառքի որոշմանը․
«․․․ Ոչ ոք չի վիճարկում, որ այս որոշումը իրավունք ուներ կյանքի կոչվելու աշխարհում արագ ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին համապատասխան։ Ոչ ոք չի վիճարկում, որ հատկապես հակաբիոտիկները, հակասնկային, հակավիրուսային դեղերը և այլն, ինքնաբուժմամբ օգտագործելը խիստ վտանգավոր է և անթույլատրելի։
Բայց չէ՞ որ այդ երևույթի դեմ պայքարելու համար արդեն կար դրանք միայն դեղատոմսերով վաճառելու պարտադիր պահանջ։
Ի՞նչ ունենք արդյունքում։ Գրանցված դեղերի այսօրվա խիստ անբավարար ցանկով մի՞թե չունենք չգրանցված դեղերի վաճառք սև շուկայում, մի՞թե թղթային տարբերակով դեղատոմսերի պահանջը որևէ կերպ նպաստել է դեղերի գների իջեցմանը կամ բժիշկների աշխատանքի հեշտացմանը։ Իսկ միգուցե նման արդյունք չունենք, որովհետև համապատասխան վերահսկողություն չի՞ իրականացվում տեսչական մարմնի կողմից, ինչպես չունենք տեսանելի արդյունքներ ծխելու դեմ պայքարի հարցում, ինչպես չունենք ավելի քիչ աղ օգտագործելու հարցում։
Որևէ որոշում կայացնելուց առաջ նախ պետք է վերլուծել, արդյոք դու ի վիճակի՞ ես այն իրականացնելու։
Իսկ այս դեպքում կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները եթե ոչ միանշանակ, ապա առնվազն ավելի շատ բացասական են։
Մի՞թե նախապես ճշտվել է, թե բոլո՞ր դեղատներն են արդյոք միացած Արմեդ համակարգին․ եթե այո, ապա ինչո՞ւ որոշումը կյանքի կոչելուց հետո միայն մեկ օրում համակարգին միանալու 600 հայտ է գրանցվել։
Մի՞թե ճշտվել է, թե նման դեղատոմսեր գրող բժիշկներից բոլո՞րն են միացված համակարգին, կամ այդ բժիշկները արդյոք բոլո՞րն են ապահովված համակարգիչով իրենց աշխատավայրերում, դեռ ավելին՝ բոլո՞րն են տիրապետում համակարգչով աշխատանքին և այն էլ՝ բավարար արագությամբ։
Արդյոք այս հարցերը ուսումնասիրվա՞ծ են հատկապես մարզային, գյուղական դեղատների և բժիշկների շրջանում։
Արդյոք ուսումնասիրվա՞ծ է, թե մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելը համակարգչից օգտվելու բավարար ունակություններով բժշկից ինչքան ժամանակ կտանի, հատկապես եթե հիշենք, որ յուրաքանչյուր դեղատոմսի լրացման անկետան մոտ 40 հարց է ներառում։
Արդյոք գնահատվե՞լ է բժշկի նման ծանրաբեռնվածության ու հոգնածության արդյունքում նրա՝ որպես բժշկի աշխատանքի արդյունավետությունը։
Եթե այո, ապա ինչպե՞ս է այդ գնահատականը ազդելու բժիշկների աշխատավարձի վրա, արդյոք բարձրանալո՞ւ է այն, թե՞ օրեցօր թանկացող մեր այս կյանքում արդեն մի քիչ ավելի, մի քիչ պակաս աշխատավարձը նշանակություն չունի, որովհետև կարևորը իշխանություն ունենալն է ու իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարերը։
Արդյոք գնահատվե՞լ է, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ դեղերի վաճառքի սև շուկայում դեղերի գների բարձրացման առումով։
Արդյոք գնահատվե՞լ է , թե հիվանդը ինչքան ժամանակ է ծախսելու դեղատոմս ստանալու համար հերթի մեջ մնալիս։ Միայն թե չասեք, թե կարող են նախապես առցանց հերթագրվել, դուք ինձնից շատ լավ գիտեք, որ մեր հիվանդների մեծ մասը նման հնարավորություն և հմտություն չունեն։
Այսինքն, ինչ ունենք․ հերթական որոշումը, որի արդյունքում բժշկի աշխատանքի ծավալն է ավելանալու, ընդ որում՝ առանց համապատասխան հավելավճարի,
Հիվանդի հերթ կանգնելու ժամանակն է ավելանալու դեղատոմս ստանալու համար,
Դեղատներում առանց այդ դեղատոմսերի վաճառքի սև շուկան է ընդլայնվելու և հետևաբար, նաև դեղերի գներն են թանկանալու ․․․»։
Աղբյուր՝ Yerkir.am